Նորություններ
Զրպարտությունը և կեղծ տեղեկատվությունը տեղ չունեն Սպորտում
Analitik.am կայքում լույս տեսած <<Սպորտի ոլորտում հնարավոր չարաշահումների հետքերով, Ի՞նչ է կատարվում ՀՀ Սամբոյի ֆեդերացիայում>> վերնագրով հրապարակումն ամբողջովին հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը:
Այսպես.
1. Հոդվածում նշվում է, որ դեկտեմբերի 5-ին հրդեհ է բռնկվել <<Նար Դոսի 53>> հասցեում գտնվող խանութներից մեկում և որ այդ հասցեում գտնվում է <<Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը>>: Մարզադպրոցը, իրոք, գտնվում է <<Նար Դոս 53>> հասցեում (իմիջայլոց, այդ տաղավարները անմիջապես մարզադպրոցի պատին կից են և փակում են շենքի պատուհանները), սակայն պետք է փաստել, որ փողոցի մայթեզրին գտնվող խանութ-տաղավարները ոչ մի առնչություն չունեն մարզադպրոցի հետ. դրանք զբաղեցնում են մարզադպրոցի շենքին հարակից փողոցի մայթեզրային հատվածը: Որքանո՞վ են այդ տաղավարներն օրինական և ինչ սկզբունքով են շահագործվում, պետք է պարզեն պատկան մարմինները: Հատկանշական է, որ սույն տաղավարների գոյությունը մարզադպրոցին կից տարածքում ակնհայտ քաղաքաշինական նորմերի խախտում է /տես՝
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 14 հոկտեմբեր, 2014թ., N 263-Ն Հ Ր Ա Մ Ա Ն-ի 76-ՐԴ ԿԵՏԸ (ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ):
Նկատի ունենալով այդ փաստը, տարիներ շարունակ մարզադպրոցը, զբաղեցնելով այս տարածքը, երբեք չի բողոքել այդ տաղավարները հեռացնելու և մարդկանց հացից զրկելու, ինչպես ստում էր քաղաքացին տեսանյութում: Սա քաղաքային իշխանությունների խնդիրն է, այլ ոչ թե մարզադպրոցի: Հրդեհի հաջորդ օրը հրշեջ ծառայության աշխատակիցները հարցուպատասխան - զրույցում նշեցին, որ տվյալ տաղավարները անօրինական են և այն հարցին, թե արդյոք բողոք-պահանջ ունեք հրդեհված տաղավարի տիրոջ նկատմամբ, մեր պատասխանն էր, ոչ, քանի որ տաղավարի ղեկավարը խոստացել էր վերականգնել կարճ ժամանակահատվածում մարզադպրոցի այրված պատուհանները, մաքրել սևացած պատերը և փուլ առ փուլ պատշաճ կատարում է խոստումները: Ընդունելով վերոնշյալը որպես փաստ, նույնպես հերյուրանք է այն արձանագրությունը, թե մարզադպրոցը և ֆեդերացիան փորձել են խոչընդոտել իրենց գործունեությունը այդ տարածքում: Մեր կողմից կատարված քայլերը վկայում են այն մասին, որ տեսանյութում հնչած միտքը, թե իբր սպառնացել ենք տաղավարները այստեղից հեռացնել և իրենց մի կտոր հացից զրկել, նույնպես զրպարտանք է: Մենք չենք թույլատրել այդ տաղավարները տեղադրել այդտեղ, որ իրավասու լինենք դրանք հեռացնելու: Ով թույլատրել է, թող նա էլ հեռացնի: Միակ խնդիրը, որ մտահոգում է մեզ մինչ օրս այն է, որ մարզադպրոցին անմիջապես հարող կրպակներում դագաղների վաճառքը անթույլատրելի է, քանի որ երեխաները մուտք գործելով մարզադպրոց, ականատեսն են դառնում սահմռկելի տեսարանի:
Այն փաստին, որ Սամբոյի ղեկավարությունը ցանկանում է տվյալ տարածքը սեփականացնել և սարքել խանութներ, նույնպես զրպարտանք է, քանի որ ֆեդերացիան դիմել է նախկինում ՀՀ կառավարություն, վթարային հատվածը վերակառուցելու, փոխարենը ստեղծելու միջազգային ստանդարտներին համապատասխան սամբոյի մարզական համալիր, որը ծառայելու է միմիայն մեր ազգին և սպորտին:
Փաստում ենք, որ Սամբոյի ֆեդերացիայի տարածքում փայտե դռների և ընդհանրապես ոչ մի խանութ գոյություն չունի:
2. Հոդվածի հեղինակները, դիմելով մանիպուլյացիաների, ներկայացնում են, թե իբր 2013թ.-ին Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 51 միլիոն ՀՀ դրամ, ՀՀ Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունից: Ըստ էության, նրանք նկատի են ունեցել 2013թ.-ին ոչ թե ֆեդերացիային, այլ <<Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ին պետբյուջեից հատկացված գումարը, որը նախատեսված է եղել տվյալ տարում մարզադպրոցի աշխատակազմի աշխատավարձի և սպորտային միջոցառումների կազմակերպման համար: Այդ գումարից շինարարության կամ վերանորոգման աշխատանքների իրականացում նախատեսված չի եղել: Հարկ ենք համարում նշել, որ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը բաժանված է երկու մասնաշենքերի, որոնցից առաջինը 2006թ.-ին վերանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրրումների հիմնադրամի կողմից և ապահով ու բարվոք է պարապմունքների համար, իսկ երկրորդը գտնվում է վթարային վիճակում և վերակառուցման կարիք ունի: Հոդվածի հեղինակները հատուկ նպատակով նկարահանել են հենց տվյալ մասնաշենքի կիսավեր սենյակները՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր մարզադպրոցը գործում է հենց այդ սենյակներում: Իսկ այն հանգամանքը, որ մարզադպրոցի տարածքում առկա է վարձակալված տարածք, պետք է նշել, որ դա հատկացված է բեռնափոխադրումներ իրականացնող մեկ ընկերության՝ օրենքով սահմանված կարգով, համապատասխան վարձակալական պայմանագրով: Վարձավճարն ըստ պայմանագրի փոխանցվում է մարզադպրոցի հաշվարկային հաշվին և ծախսվում մարզադպրոցի կանոնադրական նպատակների համար:
3. Հոդվածում նշվում է, թե քաղաքացիներից մեկը (նա հարցազրույց է տալիս տեսանյութում) տարբեր տարիներին ֆեդերացիայից վարձակալել է տարածք, որի դիմաց վճարել է 80-100 000 ԱՄՆ դոլար: Հայտնում ենք, որ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 2-րդ մասնաշենքի մի մասում վարձակալական հիմունքներով 2008 թվականի հունվարից մինչև 2015թ. մարտ ամիսը գործել է ՙՙ Կ.Ս. Ներսիսյան ՚՚ ՍՊԸ-ն,որի տնօրենը տեսագրությունում ապատեղեկատվություն տարածող քաղաքացին է, և որի հետ պայմանագիրը խզվել է 2015թ. մարտի 1-ից (ընդ որում գույքի հանձման-ընդունման համար կազմված հանձնաժողովը արձանագրել է, որ վարձակալող ընկերությունը 187 210 դրամի չափով պարտք է մնացել մարզադպրոցին վարձակալության և ծախսված հոսանքի դիմաց): 2008-2015թթ.-ի ընթացքում որպես վարձակալական գումար Կ.Ս. Ներսիսյան ՚՚ ՍՊԸ-ն վճարել է 11 132 000 ՀՀ դրամ կամ ամսական միջին հաշվով 150 433 դրամ վարձավճար: Վարձակալական պայմանագրերը և մուտքագրված գումարների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը առկա են մարզադպրոցի հաշվապահական փաստաթղթերի փաթեթներում:
4. Հոդվածում նշվում է, թե իբր Հայրապետյանի ընտանիքի անդամները՝ կինը, քույրը, եղբայրը, համարվում են ֆեդերացիայի աշխատողներ, ինչը ակնհայտ սուտ է և հերյուրանք, իսկ այն <<տեղեկությունը>>, որ ֆեդերացիայում իբրև մարզիչներ գրանցված են աշխատողներ, ովքեր արտագաղթել են 90-ականներին և նրանց աշխատավարձն ստանում է ֆեդերացիայի նախագահը, նույնպես ակնհայտ զրպարտանք է և նաև այս կեղծ մեղադրանքի համար կեղծ տեղեկատվության հեղինակները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:
5. Հոդվածում կեղծ մեղադրանք է հնչեցվում նաև այն մասին, թե իբր ֆեդերացիայի ներկայիս նախագահ Միքայել Հայրապետյանն այդ պաշտոնն ստանձնել է գտնվելով ԱՄՆ-ում: Սա նույնպես կեղծ ու շինծու մեղադրանք է, քանի որ Միքայել Հայրապետյանը ֆեդերացիայի նախագահ է ընտրվել 2018թ. ապրիլի 11-ին կայացած ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողովում, որի վերաբերյալ կազմված արձանագրության տակ ստորագրել են համաժողովի թվով 43 մասնակիցներ:
6. Հոդվածում առկա է հերթական զրպարտանքը այն մասին, թե իբր մարզադպրոցում առկա է սաունա, որը ծառայում է անբարո նպատակներով: Սա բացահայտ հերյուրանք է ու անպարկեշտ մեղադրանք մարզադպրոցի հասցեին, որտեղ կոփվում են բազմաթիվ պատանի սպորտսմեններ: Դպրոցում գործող սպորտային բաղնիքը նախատեսված է մարզիկների համար և ոչ մի կերպ չի կարող ծառայել այլ նպատակներով:
7. Հոդվածի զեղծարարության գլուխգործոցների մեկը, թերևս այն է, որ հոդվածագիրները հերքում են Սամբոյի ֆեդերացիայի բազում մարզիչների ու մարզիկների թափած քրտինք-վաստակը, նշելով, թե իբր Սամբոյի ֆեդերացիան գրանցել է կեղծ աշխարհի չեմպիոնների և դրա դիմաց պետբյուջեից ստացել է ամսական հոնորարներ: Սա, մտացածին ու երևակայական, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող մեղադրանք ու անարգանք է Սամբոյի ֆեդերացիայի ու նրա բազմավաստակ կոլեկտիվի հանդեպ: Ֆեդերացիան իր գործունեության տարիների ընթացքում արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, տվել բազում չեմպիոններ, նպաստել հայրենի սպորտի զարգացմանը, այդ մասին առկա են բազմաթիվ վկայություններ, ինչպես պետական փաստաթղթերում, այնպես էլ զլմ-ներում: Հոդվածում կասկածի տակ է առնվում նաև Արևիկ Կարապետյանի աշխարհի չեմպիոն լինելու փաստը, ինչը նույնպես ապատեղեկատվություն է. մարզուհին աշխարհի չեմպիոն է դարձել 1999թ. նոյեմբերի 14-ին, ինչն ապացուցող փաստաթղթերն առկա են:
Այսպիսով, մենք ներկայացնելով այս զրպարտությունների ու կեղծ տեղեկատվության շարանը, մի կողմից հերքում ենք այս <<մեղադրանքները>>, մյուս կողմից մեր վրդովմունքն ենք արտահայտում և հակադարձում այն մարդկանց հասցեյին,որոնք չունենալով սրբություն այս կյանքում, փորձում են իրենց ստահոդ ու կեղծ տեղեկատվությամբ թունավորել ազնիվ ու աշխատասեր կոլեկտիվի բնականոն գործունեությունը (կոլեկտիվը իր վրդովմունքը արտահայտել է այս նյութի հրապարակման առնչությամբ,18.12.2018թ. կայացած արտահերթ ժողովում,որի արձանագրությունը կցվում է):