Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Հովհաննիսյանի խոսքով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ մարզուհիներ են ներգրավվում ուսումնամարզական հավաքներում ու միջազգային առաջնություններում, մեր նպատակը միջազգային մրցաշարերում կանանց ավելի մրցունակ հավաքական ունենալն է»։
Հայաստանում կանայք սամբո մարզաձևով հաջողությունների հասնում են դեռ 90-ականներից։ Տարբեր ժամանակներում ունեցել ենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Հովհաննիսյանը ևս Եվրոպայի սամբոյի առաջնության հաղթող է։
Հովհաննիսյանն ասում է՝ տարիների ընթացքում մեծ փոփոխությունների են ենթարկվել մրցաձևի կանոնները. «Օլիմպիական չափանիշներին համապատասխանելու համար հաճախ են փոփոխվում մրցականոնները, ինչի արդյունքում մարզիչների ու մարզիկների աշխատանքը կրկնակի բարդանում է։ Ստիպված ենք անընդհատ փոփոխել մարզումների մեթոդիկան, քայլել ժամանակին համահունչ։ Ֆեդերացիայի կողմից պարբերաբար կազմակերպվող մրցավարական սեմինարներն օգնում են արագ տիրապետել նոր կանոններին. առաջիկայում հայ միջազգային մրցավարների թիվը ևս կավելանա»։
Հավաքականի ավագ մարզիչն ընդգծում է՝ քաշային կարգերը նույնպես փոխվել են, մարզաձևը դարձել է առավել դիտարժան. «Ամեն ինչ արվում է, որ 2028 թվականին Լոս Անջելեսում նախատեսված օլիմպիական խաղերի ժամանակ հայ սամբիստները փայլեն իրենց հաղթանակներով»։
Մարզիչը չի շտապում ենթադրություններ անել օլիմպիական խաղերի հնարավոր մասնակիցների վերաբերյալ: Ասում է՝ հիմա իրենց առաջնային նպատակը Եվրոպայի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելն է. «Դեռ աշխատելու շատ տեղ ունենք։ Աղջիկները քրտնաջան մարզվում են, բայց մինչև 2028-ի օլիմպիական խաղերը դեռ շատ ժամանակ կա։ Տարիքային կարգ փոխող մարզուհիներ ունենք, այսինքն՝ սերնդափոխությունն անխուսափելի է։ Մինչև օլիմպիական խաղերը դեռ պետք է պատրաստվենք առաջիկա մրցաշարերին։ Այս պահին մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը լավ հանդես գալն է»:
Նշենք՝ ապրիլի 26-27-ը Երևանում կանցկացվի Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությունը: Ներքին առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի հավաքական թիմը, որը սեպտեմբերի 14-19-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։