Նորություններ
«Ցավալի է աշխարհի առաջնություններին չմասնակցելը»- Էդուարդ Ասլանյան
sambo.am-ի զրուցակիցը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար, բազմիցս FIAS-ի՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից տարվա լավագույն տասը մրցավարների ցանկում ընդգրկված, սամբոյի նվիրյալ Էդուարդ Ասլանյանն է, ով նոր է վերադարձել Կիպրոսից, ուր մեկնել էր FIAS-ի հրավերով:
Տեղեկացնենք, որ Լիմասոլ քաղաքում դեկտեմբերի 4-ին և 5-ին անց է կացվել Սամբոյի աշխարհի դեռահասների առաջնությունը, իսկ 6-ին և 7-ին՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ ուսանող մարզիկների միջև:
-Բարի գալուստ, պարոն Ասլանյան: Լա՞վ եք:
-Մի փոքր ճանապարհից հոգնած, բայց լավ եմ, շնորհակալություն: Հաճելի է, որ
տարեց-տարի՝ սամբոյի աշխարհագրության ընդլայնվելուն զուգընթաց, զգալիորեն աճում են նաև միջազգային մրցաշարերի անցկացման պայմանները, ավելի կազմակերպված են, ավելի ընդգրկուն, առավել բարձր մակարդակի: Սա վերաբերվում է, և աշխարհի, ևԵվրոպայի առաջնություններին, որոնք մասնակիցների առումով գերազանցեցին բոլոր նախորդ տարիների ռեկորդները, բայց նույնը կասեմ նաև այս մրցումներիի մասին, որոնց պատիվ ունեցա ներկա գտնվել և մրցավարել մի շարք գոտեմարտեր: Կիպրոսը սամբոյի որոշակի ավանդույթներ ունեցող երկիր է և այս անգամ հյուրընկալել էր 19 պետության ավելի քան 180 մարզիկի: Մի շարք դիտարժան գոտեմարտերի ականատեսը եղանք, որոնք ապացուցում են, որ մարզաձևն իրոք զարգանում է:
-19 երկիր, բայց ցավոք Հայաստանը ներկայացնող մարզիկներ չունեինք. ոչ դեռահասներ, ոչ ուսանողներ:
-Այո, չունեինք, ինչի համար, իսկապես շատ եմ ցավում: Համոզված եմ, եթե մենք հնարավորություն ունենայինք մասնակցելու, ապա մեր 1998-99 թթ ծնված տղաները /այս տարիքային խմբում էր անցկացվում դեռահասների առաջնությունը/ մեդալներով կվերադառնային: Էլ չեմ ասում՝ ուսանող մարզիկների մասին: Չմոռանանք, որ անցած տարի Կազանում անցկացված Համաշխարհային ունիվերսիադայում մեր սամբիստները գերազանց հանդես եկան. Մհեր Կարապետյանն ու Հակոբ Առաքելյանը արժանացան բրոնզի, իսկ Տիգրան Կիրակոսյանը հռչակվեց չեմպիոն, ընդ որում միակը Հայաստանը ներկայացնող բոլոր մասնակիցներից, ով հայրենիք վերադարձավ ոսկե մեդալով:
Ցավոք, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ֆինանսների բացակայության պատճառով չկարողացավ մարզիկներ գործուղել Կիպրոս, միակ հույսը, թերևս Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությունն էր, բայց...
Փաստ է, որ նման բարձր մակարդակի ու որոշակի վարկանիշ ունեցող միջազգային մրցաշարերին մենք չմասնակցեցինք, մնացինք ձեռնունայն:
Միակ սփոփանքը, եթե կարելի է այդպես ասել, այն էր, որ այնուամենայնիվ հայ սամբիստներից Արամ Գրիգորյանը, ով հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում, գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվո վերին հարթակին: Բայց Արամը Մոսկվայից է, բնական է ներկայացնում էր Ռուսաստանը:
-Պարոն Ասլանյան, տարին ավարտվում է, ինչպե՞ս կգնահատեք մերոնց մրցելույթները: Վերցնենք միայն աշխարհի և Եվրոպայի առաջնությունները:
-Լավ, իհարկե՝ լավ: Մեր մարզիկները՝ պատանիները, երիտասարդները, աղջիկները, մեծահասակները այս տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից բերեցին 24 մեդալ: 24 անգամ վեր բարձրացավ մեր եռագույնը: Ուրախալի է, որ 5 ոսկե մեդալ ունենք. Եվրոպայում ուժեղագույնն էր Տիգրան Կիրակոսյանը, երիտասարդներից՝ Լենդրուշ Զատիկյանն ու Գրիգոր Մխիթարյանը, ով դարձավ նաև աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, իսկ տարվա լավագույնը, իհարկե Մավրիկ Նասիբյանն էր, ով դարձավ մեծահասկաների աշխարհի չեմպիոն և գլխավորում է Մրցաշրջան 2014-ի սամբիստների տասնյակը: Վստահ եմ, նա տեղ կգտնի նաև Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:
Պիտի մեծարենք ու ոգևորենք մեր մարզիկներին:
www.sambo.am
Լուսանկարում՝ Էդուարդ Ասլանյանը, Լիմասոլում անցկացված մրցաշարի հաղթող Արամ Գրիգորյանի և մարզիկի հոր՝ Սարգիս Գրիգորյանի հետ