Նորություններ
«Խտրականությունը սամբոյի հանդեպ շարունակվում է»,-Լևոն Հայրապետյան
sambo.am-ի զրուցակիցն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ,
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Միջազգային կարգի էքստրա դասի մրցավար Լևոն Հայրապետյանը:
-Պարոն Հայրապետյան, հրապարակվեց Մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, ուր տեղ էին գտել նաև մեր սամբիստներից երկուսը: Շնորհավորում ենք:
-Շնորհակալություն: Ես նույնպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անունից շնորհավորում եմ տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկներին, առաջին հերթին՝ աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Արսեն Ջուլֆալակյանին, Մավրիկ Նասիբյանին և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին, նաև մյուս մարզիկներին, ովքեր փորձել են բարձր պահել հայկական սպորտի պատիվը: Բայց միանգամից ասեմ, որ տասնյակը, հատկապես տասնյակում դասավորվածությունը ինձ չի գոհացնում, առաջին հերթին այն, որ մեր սամբիստները գրավել են 7-րդ և 8-րդ հորիզոնականները, այնինչ, և Տիգրանը և մանավանդ՝ Մավրիկը, կարող էին ավելի միավորներ հավաքել, եթե քվեարկողներն ավելի անաչառ լինեին: Ցավոք, խտրականությունը սամբոյի հանդեպ շարունակվում է:
Վստահ եմ, որևէ մարզական լրագրող չի կարող վիճարկել այն փաստը, որ բրոնզե և արծաթե մեդալների փայլը միասին վերցրած, չի կարող շլացնել ոսկե մեդալի հրավառությունը: Սա է մեր ֆեդերացիայի դիրքորոշումը, ֆեդերացիա, որի մարզիկները տևաբար, արդեն երկու տասնամյակ և ավելի, ամեն տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հայրենիք են բերում 25-ից 30 մեդալ: 2014 թվականին մենք ունեցանք 24 մեդալ, որից 5 ոսկե: Գուցե քանակով քիչ է, բայց որակով' բարձր: Պատկերացրեք, 24 անգամ մեր սամբիստների պատվին բարձրացել է հայոց եռագույնը և 5 անգամ հնչել Հայաստանի օրհներգը: Եվ սա Իսպանիայում, Ռումինիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում: Նույն այդ Ճապոնիայում անցկացված աշխարհի առաջնությանը, ուր Մավրիկ Նասիբյանը դարձավ չեմպիոն, մասնակցում էր 82 պետություն:
-Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հրապարակած՝ տարվա լավագույն մարզիկների ցուցակում Մավրիկն առաջինն էր, Տիգրանը՝ 4-րդը, իսկ մարզական լրագրողների քվեարկությամբ Տիգրանն ավելի շատ միավոր է հավաքել:
-Այո, այդպես է: Մեր ֆեդերացիայում ուժեղագույններին որոշում ենք ոչ թե քվերակությամբ և անձնական համակրանքով, այլ հավաքած բալերով: Արդեն մի քանի տարի մենք առաջնորդվում ենք հատուկ այդ նպատակով ստեղծված աղյուսակով. աշխարհի չեմպիոնին այսքան, աշխարհի երիտասարդական չեմպիոնին՝ այսքան, մրցանակակիրներին և այլն...
Մեր հաշվարկներով Տիգրանին գերազանցել են Գրիգոր Մխիթարյանը, ով դարձել է աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Աշոտ Դանիելյանը՝ աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Մեզ մոտ խտրականություն չկա, մեզ համար մարզական սամբոն և մարտական սամբոն նույնն են, նույն հարթության վրա: Նույն կերպ է առաջնորդվում նաև Սամբոյի միջազգային ֆեդերացիան: Իսկապես տարբերություն չկա. նույն մրցագորգը, նույն մրցավարները, նույն ժամանակը: Ի վերջո տարբերություն չի դրվում ծանրամարտի պոկում և հրում վարժություններում, կամ սուսերամարտի, մարմնամարզության տարբեր գործիքների համար: Իսկ Հայաստանում, պարզվում է նման տարանջատում կա: Հավանաբար այդպես են մտածել նաև քվեարկությանը մասնակցած լրագրողները, ովքեր, թույլ տվեք ասել, այս հարցով այնքան էլ տեղեկացված չեն:
Ի վերջո, գլխավոր խտրականության մասին. օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևեր: Արդա՞ր է արդյոք, որ ոչ օլիմպիական սամբոյի աշխարհի առաջնության ոսկե մեդալը ստորադասվի ծանրամարտի, ըմբշամարտի ու ձյուդոյի Եվրոպայի առաջնությունների արծաթե ու բրոնզե մեդալներից՝ միայն այն բանի համար, որ սրանք օլիմպիական ձևեր են: Կարծում եմ, արդար չէ: Ի վերջո, չմոռանանք, որ սամբոն տարիներ շարունակ Հայաստանում համարվել է հենակետային մարզաձև, և սամբոյի ֆեդերացիան նույնպես ֆինանսավորվում է պետության կողմից, տարեկան բոլոր հաշվետվություններում՝ հայ մարզիկների նվաճած մեդալների հանրագումարում, պարտադիր նշվում են նաև սամբիստների հաջողությունները: Չմոռանանք նաև, որ սամբոն ընդգրկված է հաջորդ տարի կայանալիք եվրոպական օլիմպիական խաղերում:
-Ի դեպ, մարզիկների արդյունքների մասին: Այս տարվա ցուցակում նշված չէին մարզիկների նվաճումները: Մի տեսակ տարօրինակ չէ՞ր:
-Հարցին լավ կլիներ պատասխանեին տասնյակը հրապարակողները: Ես հետևյալը կասեմ. որովհետև հպարտանալու շատ բան չունենք: Տասնյակում տեղ են գտել մարզիկներ, ովքեր նույնիսկ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների լավագույն եռյակում տեղ չեն գտել և սրա մասին բարձրաձայնելը, մի տեսակ հաճելի չէ, պարզապես նշել են մարզաձևը և վերջ: Իսկ բոլորը գիտեն, այդ մասին մենք մամուլի հաղորդագրությամբ հայտնել ենք բոլորին, որ մեր՝ սամբոյի ֆեդերացիայի լավագույն տասնյակի վերջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Գուցե կրկնվում եմ, բայց խտրականությունն ակնհայտ է: Չլիներ այդպես, մեր տասնյակի բոլոր մարզիկները կհավակնեին Հայաստանի տասնյակում ընդգրկվելուն:
Որպես վերջաբան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մարզիկներին ու քանի որ Նոր տարին է մոտենում, մաղթում եմ 2015-ին նոր և ավելի մեծ հաղթանակներ:
sambo.am