Նորություններ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ուղերձը
ՀՀ բոլոր մարզական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին
Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAS, կանոնակարգով անցկացվում են տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ ու գավաթի խաղարկություններ:
Վերոգրյալից բացի գոյություն ունեն պրոֆեսիոնալ սամբոյի աշխարհի, մայրցամաքային և ազգային առաջնություններ՝ տղամարդկանց միջև, նաև սամբոյի այլ տարատեսակներ՝ բանակային, ձեռնամարտ և այլն, որոնք FIAS-ի մաս չեն կազմում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անդամակցում է FIAS-ին և առաջնորդվում է վերջինիս կանոնակարգով, որը սամբո ըմբշամարտը դիտարկում է մարզական և մարտական ձևերի ամբողջություն՝ առանց տարանջատումների, հանրահռչակում է այն և անցկացնում աշխարհի և Եվրոպայի առաջնություններ ու գավաթի խաղարկություններ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կարծում է, որ հայկական սպորտի պատասխանատուները, ԶԼՄ ներկայացուցիչները նույնպես պետք է առաջնորդվեն այս կերպ, ինչպես դա արվում է ծանրամարտի /հրում, պոկում, երկամարտ/, սուսերամարտի /խոցասուսեր, ճկասուսեր, թրասուսեր/, աթլետիկայի /գնդի հրում, սկավառականետում, հեռացատկ, վազք և այլն/, գեղարվեստական մարմնամարզության /ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան և այլն/ պարագայում, երբ նվաճած մեդալները՝ մեծ և փոքր բրոնզ, արծաթ, ոսկի, որպես հաջողություն ընկալվում են հավասարապես:
Սամբոն պետք դասվի նույն շարքում, առանց մարզական ու մարտական ձևերի տարանջատման
: Մեզ համար կարևորը հաղթանակն է և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ծածանումն ու հայոց օրհներգը հնչեցնելը:
Ուրախ ենք, որ հայ մարզիկները՝ պետության կողմից ճանաչված և պետության կողմից ֆինանսավորվող մարզաձևերից 2014թ. անցկացված աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 118 մեդալ, կրկնակի ուրախ ենք, որ դրանցից 24-ը վաստակել են Հայաստանի սամբիստները և հատկապես հպարտ ենք մեր ոսկե մեդալակիրներով, որոնց պատվին նույն այդ առաջնություններում 5 անգամ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Ի դեպ, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայ մարզիկների նվաճած ընդհանուր մեդալների թվի ավելի քան 20 տոկոսը բաժին է ընկնում սամբիստներին, մինչդեռ՝ պետության ֆինանսավորման ընդամենը 2 տոկոսն է հատկացվում Հայաստանի սամբոյի ֆեդերացիային:
Եվ այսպես տարիներ շարունակ: